Ինդոնեզիայում ավարտվել են հոկտեմբերի վերջին կործանված Boeing-ի զոհերի մարմինների որոնումները

19:06 • 10.11.18

Փրկարարները հայտարարել են ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing-737 օդանավի կործանման հետևանքով զոհված ուղևորների որոնողական աշխատանքների ավարտի մասին:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, մասնագետներին հաջողվել է պարզել ինքնաթիռի 79 ուղևորի ինքնությունը: Բացի այդ, գտնվել են զոհերի մարմնի շուրջ 200 մաս:

«Մենք երեկվանից այլևս զոհերի մարմիններ չենք հայտնաբերել, այդ իսկ պատճառով հայտարարում եմ, որ որոնողական աշխատանքներն ավարտված են», - նշել է տարերային աղետների հետևանքների վերացման գործակալության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing-737 օդանավը հոկտեմբերի վերջին վթարվել էր Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավում 189 մարդ էր գտնվել: Կապի կորուստից քիչ առաջ օդաչուն վերադառնալու թույլտվություն էր խնդրել և ստացել էր այն: Կապը կորել էր Ջակարտայի օդանավակայանից օդ բարձրանալուց 13 րոպե անց: Օդանավն ընկել էր ծովն ու խորտակվել:

Նոյեմբերի 1-ին հայտնաբերվել է օդանավի ինքնագրիչ սարքերից մեկը, որի վերլուծությունը ցույց է տվել, որ արագության ցուցիչի անսարքություն է եղել: