Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ստամբուլում սաուդցի լրագրողի սպանության գործը քննարկելու նպատակով
Միացյալ Թագավորության արտգործնախարար Ջերեմի Հանտը երկուշաբթի մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսությունում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի քննարկման նպատակով: Նա այնուհետև կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Եմենում պատերազմի թեման քննարկելու նպատակով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությանը հղումով:
«Ջերեմի Հանտը կօգտագործի այս հանդիպումները Խաշոգջիի մահվան՝ վստահության արժանի հետաքննության անցկացման հարցում Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի համագործակցության կարևորությունը հստակ ընդգծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն փաստաթղթի՝ տարածաշրջան այցի ժամանակ նախարարը կփորձի միջազգային գործընկերների աջակցությունը ստանալ Եմենում արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու համար:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










