«Այդ դո՞ւք եք, տիկին Մակրոն». Փարիզում տոնակատարությունների ժամանակ Անգելա Մերկելին շփոթել են Մակրոնի կնոջ հետ (տեսանյութ)
Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների ժամանակ համաշխարհային առաջնորդների հետ շփված տարեց ֆրանսուհին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի հետ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով BFMTV-ին:
Շաբաթ օրը Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել են Ռետոնդի համայնք, որտեղ 1918թ.-ի նոյեմբերի 11-ին կնքվել է Կոմպիենի զինադադարը: Առաջնորդները մի քանի րոպե հատկացրել են հավաքվածների հետ շփմանը:
Ինչպես երևում է BFMTV-ի հրապարակած տեսանյութում՝ իրեն ամենից ակտիվ դրսևորել է մի տարեց կին, որը հանրապետության նախագահի հետ ձեռքսեղմումն անվանել է «ֆանտաստիկ»: Այնուհետև կինը դիմել է Մերկելին:
«Այդ դո՞ւք եք, տիկին Մակրոն», - հարցրել է նա:
«Գերմանիայի կանցլերը», - գերմաներեն պատասխանել է Մերկելը:
Չնայած Մերկելը մի քանի անգամ ներկայացել է՝ նրա զրուցակցուհին, ինչպես երևում է, շարունակել է մնալ այն համոզմունքին, որ հանրապետության առաջին տիկնոջ հետ է շփվում: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Ռետոնդի բնակչուհին բոլորել է 100 տարին, մինչդեռ նրա շփոթած կանայք գրեթե հասակակիցներ են՝ 65-ամյա Բրիջիթ Մակրոնը Գերմանիայի կանցլերից մեծ է ընդամենը մեկ տարով:










