Մենք չենք բացառում, որ ընտրություններից հետո առաջարկենք ստվերային կառավարության սխեմա, այլընտրանքային բյուջե. Արմեն Աշոտյան
ՀՀԿ-ից զատ քիչ ուժեր կան Հայաստանում, որոնք կարող են քաղաքական օրակարգ առաջադրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարան չի անցնելու:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ՔՊ հնարավոր կոալիցիայի մասին հարցին, ասել էր, թե ՀՀԿ-ն դեռ պետք է հայտնվի ԱԺ-ում, նոր այդպիսի հարց առաջանա:
«Հրաչ Հակոբյանը չունի քաղաքական կյանքի մեծ փորձ: Լավ է, որ երիտասարդ տարիքում դարձել է պատգամավոր, վստահ եմ, որ կունենա հնարավորություն՝ դառնալու ավելի փորձառու, շատ ավելի խոհեմ, ինչպես ես: Իմ թիվ մեկ խորհուրդը հարգելի Հրաչին, որ չկրկնի իմ ու Շարմազանովի սխալները, չափից ավելի մեծ գոռոզամտությունը, որը երբեմն շփոթում եք արժանապատվության հետ, լավ բանի չի բերում»,- նշեց Աշոտյանը:
Նա ասաց, որ իր համար հասկանալի է, որ իշխանությունը, գովելով «Լուսավոր Հայաստանին», փորձում է արջի ծառայություն մատուցել: Այնինչ, մարդիկ մտածում են՝ ««Լուսավոր Հայաստան»-ն ի՞նչ ընդդիմություն, երբ Նիկոլ Փաշինյանի բարեկամն իրենց գովում է»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է ստեղծի պրոդուկտ: «Մենք չենք բացառում, որ ընտրություններից հետո առաջարկենք ստվերային կառավարության սխեմա, այլընտրանքային բյուջե: Ընդդիմության առաջադրած պրոդուկտը պետք է հակակշռի իշխանությանը, մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն: Այս ընտրությունները պետք է լինեն ընտրության հնարավորություններ»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը:










