Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Պարզ է, թե ով է լինելու իշխանությունը, պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունենալու ընդդիմությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այն իշխանությունը, որը բացարձակ է լինելու Հայաստանում, ամենամեծ վտանգն է իր մեջ պարունակում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ: Սա ասում եմ՝ ելնելով այն հանգամանքից, որ դրա մեջ շահագրգռված պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքում մարդիկ, ովքեր հավատում են, որ այս իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր: Իսկ եթե այդպես էր, այդ մարդիկ պարտավոր են ՀՀԿ–ի համար ստեղծել լավագույն, հավասար պայմանները քարոզչության համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ իրենք շահագրգիռ են, որ ընտրությունները լինեն լավ որակի: «Եթե ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այդ ստվերը նետելու է բացառապես կառավարությունը ու որոշիչ ձայն ունեցող վարչապետը: Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ այս ընտրությունները նման են բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի: Եթե հազարը մեկի վրա է, սա խուժան կռիվ է: Եթե խոսքը խուժան կռվի մասին է, մենք կունենանք խուժան խորհրդարան»,- շեշտեց նա:










