«Հաջողվեց շատ բանի հասնել». Թրամփը մեկնաբանել է Փարիզում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցած Փարիզի խաղաղության համաժողովին համաշխարհային առաջնորդների ու ղեկավարների հետ հանդիպման արդյունքում հաջողվել է շատ բանի հասնել:
Նախագահը նշել է, որ նա մասնավորապես բարձրացրել է այլ երկրների հետ անվտանգության և առևտրի հարցերը:
«ԱՄՆ-ն մեծ գումարներ է ծախսում այլ երկրների ռազմական պաշտպանության համար, հարյուր միլիարդավոր դոլարներ...Ես նշել եմ, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, հսկայական գումարներ են ծախսվում այլ երկրների պաշտպանության վրա, իսկ արդյունքում ունենում ենք միայն առևտրային պակասուրդներ ու կորուստներ: Ժամանակն է, որ այդ հարուստ երկրները կա՛մ սկսեն Միացյալ Նահանգներին վճարել մասշտաբային ռազմական աջակցության համար, կա՛մ էլ իրենք զբաղվեն իրենց երկրի պաշտպանությամբ», - գրել է նա իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում մեծ շուքով նշվել է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը: Դրան նվիրված տոնակատարությունների շրջանակում անցկացված Փարիզի խաղաղության համաժողովին մասնակցելու համար հավաքվել են տասնյակ երկրների առաջնորդներ և ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումներ են տեղի ունեցել Հաղթական կամարի մոտ և այլ հիշարժան վայրերում:










