Լոնդոնում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով տուժել է 20 մարդ

03:12 • 12.11.18

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երկհարկանի ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 20 մարդ է տուժել: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է քաղաքային շտապ օգնության ծառայությունը:

Ծառայության թվիթերյան էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ բուժօգնության կարիք է ունեցել 20 մարդ, որոնցից 18-ը հոսպիտալացվել է: Մեծ մասամբ տուժածները ստացել են թեթև վնասվածքներ, սակայն մի 15-ամյա աղջնակ լուրջ վնասվածքներ է ստացել և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանության տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Լոնդոնի Քրոյդոն շրջանի Սթեյշն-ռոուդ փողոցում: Երկհարկանի ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային, մեկ այլ ավտոբուսին ու կանգառին:

Ենթադրաբար՝ ՃՏՊ-ի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, որը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով և այժմ գտնվում է կալանքի տակ՝ Լոնդոնի հարավում գնտվող ոստիկանական բաժանմունքում: