14 երեխա ունեցող ընտանիքին քաղաքապետարանը 10 տարի ժամկետով անհատույց տրամադրեց 34.6քմ բնակարան (ավագանու նիստը՝ ուղիղ)
Այսօր Երևանի ավագանին որոշում կայացրեց Երևան համայնքի սեփականությունը համարվող Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել 14 երեխա ունեցող, Արցախյան պատերազմի մասնակից Վիրաբ Շաբոյանի բազմազավակ ընտանիքին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշեց, որ այս ընտանիքը, որոնցից տասնմեկը անչափահաս են, բնակվում են վարձով, սակայն քանի որ ունեցել են խնդիրներ այդ վարձը վճարելու հետ, բնակություն են հաստատել Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի բնակության համար չնախատեսված և պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում:
Տրամադրվող տարածքը գտնվում է նույն շենքի երկրորդ հարկում և հնարավորություն կտա որոշակի առումով թեթևացնելու և բարելավելու այս ընտանիք բնակարանային հոգսը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց այս հարցը. «Ես ուզում էի ճշտել, թե չկա՞ր ավելի մեծ տարբերակ, քանի որ 34 քառակուսի մեջ 14 հոգու բնակությունը, ըստ էության, որևէ կերպ չենք կարող պատկերացնել և արդյոք ունենք տարբերակ որևէ այլ բնակության վայր առաջարկելու կամ հետո փոխելու»,-ասաց նա:
Արսեն Ամյանն ասաց, որ այս ընտանիքը ժամանակին Երևանում չի բնակվել, նախկինում Քաշաթաղում են ապրել:«Այս իմաստով Երևան համայնքը իրավական առումով պարտավորություններ ունենալու մասով ազատ է: Սա ընդամենը բարի կամքի դրսևորում է և մարդասիրական մոտեցում է այս ընտանիքի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ հաշվի առնվելով, որ նույն շենքում է գտնվում բնակարանը իրենք նախկին տարածքը ևս օգտագործելու են, ինչպես նաև հետագայում սոցիալական ծառայություններն են զբաղվելու ընտանիքով: Նա ասաց, որ ընտանիքին մոռացության չեն մատնելու և հետագայում կարող են վերանայել այս պայմանագիրը:
Արձագանքելով ավագանու անդամների մտահոգություններին, որոնք կապված են բազմազավակ ընտանիքների պայմաններին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ խնդիրներն իսկապես շատ են և պահանջարկը բնակարանների շատ մեծ է, բայց այդ խնդրի լուծմանը դեռ մոտ էլ չեն: «Մենք ստացել ենք ժառանգություն, այն ինչ ունենք»,-ասաց նա և նշեց, որ այդ ուղղությամբ պետք է աշխատեն:
Նա համաձայնեց, որ ինչ-որ մեխանիզմ պետք է մտածել, թե հերթագրումը ինչպես պետք է լինի, և փուլ առա փուլ մարդկանց պետք է տեղափոխեն և բնակարաններով ապահովեն: Հայկ Մարությանն ասաց, որ ակնկալում են ավագանու անդամների առաջարկները, որ մշակվի մեխանիզմ, որը կլինի արդար, թափանցիկ և ընդունելի: «Մենք մշակում ենք մեխանիզմներ, որ մասնավորների հետ համագործակցության առումով ունենանք ավելի մեծ բնակարանային ֆոնդ»,-ասաց նա:
«ԲՀԿ» խմբակցությունից առաջարկ հնչեց հանձնախումբ ստեղծել: Ավագանու անդամների բարձրացրած բազմաթիվ հարցերը ամփոփեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա նշեց, որ կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: «Բնակելի ֆոնդը դա քաղաքականություն է, դա ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու միակ ճանապարհն այն է, որ մենք մեր շինարարական, ճարտարապետական մտածողություն մոտեցենք գոնե 20-րդ դարի վերջին:










