Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Յուրի Վարդանյանին (տեսանյութ)

13:13 • 13.11.18

14:27

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում է Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ, որն ավարտվեց տերունական աղոթքով:

14:05

Յուրի Վարդանյանին վերջին հրաժեշտը տալու համար Համալիր ժամանեցին նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

13: 58

Հայաստանի Հանրապետության կառավարության կազմն ու վարչապետին կից մարմինների ղեկավարները, փոխվարչապետները, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս այցելեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը և վերջին հրաժեշտը տալու լեգենդար մարզիկին:


13:54

Քաղաքացիներ, մարզիկներ, պետական պաշտոնյաներ, մտավորականներ են շարունակում  այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ վերջին հրաժեշտը տալու Յուրի Վարդանյանին: Նրան հրաժեշտ տվեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ու այլ աշխատակիցներ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ԽՍՀՄ «Արարատ»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ գավաթակիր Սերգեյ Բոնդարենկոն:

«Յուրան մեծ պատիվ է բերել Հայաստանին... ցավն այնպիսի բան է, որ չգիտես, թե ինչ խոսես: Յուրայի մահն անսպասելի էր: Վերջերս ԱՄՆ-ում էինք, քիչ շփվեցինք, կարոտս շատ էր, որ չգայի, ինձ չէի ների, եկա հրաժեշտ տալու: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որ նման կերպ են հրաժեշտ տալիս Յուրային»,-ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանի հետ հիշողություններին, ապա Բոնդարենկոն նշեց, որ Վարդանյանին վաղուց է ճանաչել, մարդամոտ ու հանգիստ մարդ է եղել:

«Մի բան մեջս շատ է տպավորվել, երբ օլիմպիական խաղերին ռեկորդային ծանրաձողը բարձրացրեց, դրանից հետո թռավ վերև, ես կարծեցի, թե ինքն էլ հետը թռավ: Ես ցավակցում եմ բոլորին և խոնարհվում նրա առաջ», -ասաց նախկին ֆուտբոլիստը:

13:25

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան վերջին հրաժեշտն են տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը լեգենդար մարզիկի է կորցրել ժամանակից շուտ: «Մենք կորցրինք մեր լեգենդար մարզիկի, ժամանակից շուտ: Իր անցած ճանապարհով Յուրի Վարդանյանը կարողացավ ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանը: ԽՍՀՄ տարիներին ո՞վ կարող էր իմանալ՝ Հայաստանը որտեղ է, բայց նա ճանաչել տվեց երկիրն ու հայ ժողովրդին իր ելույթներով: Ինքը անցավ լուրջ ու բարդ ճանապարհ, որը քչերին է հաջողվում»,-ասաց Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով՝ Յուրի Վարդանյանի հասցեին միայն կարող է գովաբանական խոսքեր ասել, որովհետև մեր շփումը, որքան եղել է, դրական էմոցիաներ է ստացել: Հարցին, թե Յուրի Վարդանյանի համար ռեկորդ սահմանելը սկզբո՞ւնք էր, թե՞ աշխատասիրության արդյունք, Ջուլֆալակյանն ասաց, որ առանց աշխատասիրության ոչ մի բանի հասնել հնարավոր չէ. «Պատահական չէր, որ իր մոտ հաջողություն էր գրանցվում, անընդհատ թարմացվում էր ռեկորդները, սա ձգտում է, լուրջ նվիրվածություն է»:

13:13

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգհային համալիրում ընթանում է օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությունը։

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչև 15:00-ն՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 
 
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Գյումրիում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան:

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և այլն:

Մահացել է 2018-ի նոյեմբերի 2-ին ՝ ԱՄՆ-ում, նրա աճյունը տեղափոխել են երևան: Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում: