Պաղեստինի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել և դադարեցնել իսրայելական ագրեսիան

04:12 • 13.11.18

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայինների ավելի քան 70 դիրքի, հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:

Նշվում է, որ իսրայելական կողմը տանկերի, կործանիչների, ուղղաթիռների ու այլ թռչող ապարատների օգնությամբ հարձակում է նախաձեռնել ի պատասխան պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման գրոհայինների հրթիռակոծության Գազայի հատվածի գրեթե ամբողջ տարածքով:

Իսրայելի բանակը գործողության ընթացքում խոցել է պաղեստինցի գրոհայինների ենթակայության տակ գտնվող ռազմաբազաներ, զինանոցներ, ստորգետնյա թունելներ և դիտորդական կետեր:

Պաղեստինյան ու իսրայելական կողմերի այսօրվա փոխադարձ հրթիռակոծության սկզբից ի վեր հաղորդվել է 3 զոհված պաղեստինցիների մասին: Նշվում է, որ Իսրայելի տարածքում բնակելի տների հրթիռակոծության հետևանքով տուժել է 16 խաղաղ բնակիչ:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Գազայի հատվածում իրավիճակին և դադարեցնել իսրայելական ագրեսիան: