2019–ից կգործի մեխանիզմ, որ պետք է համակարգի Երևանում կարմիր գծերի և կայանատեղերի ողջ համակարգը. Հայկ Մարության (տեսանյութ)

14:59 • 13.11.18

Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին Հանրապետության փողոցի՝ հ.38 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ: Այսպիսով նախատեսվում է թույլատրել կազմակերպել ծառողայական ավտոկայանատեղ` երկու ամսով, չորս ավտոտեղով` այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակման իրավունքով: Առկա է Ճանապարհային ոստիկանության դրական եզրակացությունը:

«Իմ քայլը» դաշինքից Արթուր Իսպիրյանը բարձրացրեց հարց, որ այդ փողոցը այնքան նեղ է, որ երբ երկու կողմը կայանում են, ճանապարհը անանցանելի է դառնում: Նա հարցրեց, թե  հնարավոր չէ՞ մի կողմը լինի կայանելու հնարավորություն, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ արգելափակում չկա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հարցի առնչությամբ ելույթ ունեցավ :«Ի՞նչ ենք քննարկում: Առհասարակ քննարկում ենք, որ քաղաք Երևանում հյուրանոցին կայանատեղ տրամադրել, այն պարագայում, որ ունենք տրանսպորտային կոլապս: Տրամաբանությունը ինձ համար մի քիչ տարօրինակ է, որովհետև մենք հատկացնում ենք հանրային տարածք և այդ հանրային տարածքը տրամադրելով՝ փաստացի ոտնահարում ենք երևանցու իրավունքները»,-ասաց նա:




Կարմիր գծերին անդրադառնալով՝ Արման Աբովյանն ասաց, որ նախ անհասկանալի է դրանց տրամաբանությունը` բացի բյուջեն լցնելու նպատակից: Նա կոչ արեց կամ վերացնել կարմիր գծերի համակարգը կամ հարցը վերանայել:  Նա նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է  քվեարկելու այս նախագծին և կոչ արեց բոլորին դեմ քվեարկել: «Առավել ևս, որ  «Իմ քայլը» դաշինքից տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակին շատ թեժ պայքարել են կարմիր գծերի դեմ»,-ասաց նա և նշեց, որ խոսքը երևույթի մասին է:

Հայկ Մարությանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում այս մասին քննարկում են ունեցել և առաջարկել են, որ օր առաջ մշակվի մեխանիզմ, որը կգործի 2019 թվականից: «Դա Երևանի ամբողջ կայանման համակարգը պետք է համակարգի: Այդ մեխանիզմը պետք է քննարկել այլ խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա այս հարցում»,-ասաց նա:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ եթե տան հնարավորություն այդ տնտեսվարողին տրամադրելու կայանտեղին, ապա այն ծառայացնելու է իր հյուրերի համար, իսկ եթե դա տեղի չունենա, այսպես թե այնպես տուրիստական ավտոբուսը կանգնելու է երթևեկելու գծի վրա, իսկ այդ փողոցը բավականին նեղ է, ծածկելու է տարածքը և առաջացնելու է խցանում:

«Հասկանալի է նաև, որ մենք չենք տալիս ծառայողական կայանատեղի այդ հյուրանոցի տնօրենի կայանման համար, տվյալ դեպքում ձեռներեցությանը հարմար պայմաններ ստեղծելու մասին է խոսքը»,-ասաց նա:

Արման Աբովյանը արձագանքեց, որ հյուրանոցի տնօրինությունը ևս կկանգնեցնի իրենց մեքենաները: «Ի՞նչ է, զանգահարել են Ձեզ ասե՞լ են, որ չեն կանգնացնելու»,-հարցրեց նա, իսկ Դավիթ Խաժակյանն ասաց, որ բնականաբար իրեն չեն զանգահարել: «Երբ քննարկում ենք «Մուլտի կոնցեռնին» վերաբերող հարցերը, վստահ եմ, որ արձագանքներ չենք ունենալու, և շահերի բախման այլ դաշտ չեք ունենալու»,-ասաց նա

Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է՝ ընտրություններ են գալիս:  Ինչ վերաբերում է «Մուլտի կոնցեռնին», ապա յուրաքանչյուր տնտեսվարողին, ում իրավունքները ոտնահարվեն, բարձրացվելու են:

Այսպիսով որոշումը ընդունվեց `36 կողմ, 9 դեմ և 12 ձեռնպահ ձայներով: