Մենք որևէ նախնական դիրքորոշմամբ չենք եկել, թե ինչպիսին են լինելու այս ընտրությունները. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար

13:10 • 13.11.18

Կիրակի Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 13 անդամից բաղկացած խումբը՝ Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուսումնասիրություններ կատարելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկը:

Նա շեշտեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակն է դիտարկելը, թե ինչպես է Հայաստանում կայանալիք ընտրական գործընթացը համապատասխանում միջազգային կանոնակարգերին, ազգային օրենքներին:  

«Շատերը մտածում են, որ անելիքը բուն ընտրություններն են, որ դրանք պետք է դիտարկել այն ժամանակ, երբ մարդիկ մոտենում են քվեատուփին, նետում են իրենց քվեաթերթիկը, բայց ընտրություններին հետևելն այսքանով բավարար չէ: Մենք դիտարկելու ենք, թե ինչպես են ընթանում թեկնածուների, կուսակցությունների գրանցման պրոցեսները, ինչպես է ԶԼՄ-ն մեկնաբանում, լուսաբանում ընտրությունները, և եթե որևէ թեկնածու կամ կուսակցություն որևէ բողոք ունի, մենք կցանկանանք տեսնել, թե ինչպես են վարվում այդ բողոքի հետ»,- շեշտեց Գաչեկը:

Բացի 13 հոգանոց խմբից, նրա փոխանցմամբ, ավելի ուշ Երևան է ժամանելու նաև 24 հոգի, որոնք թեև չեն ներկայացնում ԵՄ բոլոր անդամ-պետությունները, բայց կարտացոլեն ԵՄ մոտեցումները: Բացի այս, նրա խոսքով, Հայաստան կժամանի 25 դիտորդ, որոնք կմասնակցեն ընտրությունների բուն գործընթացին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ, Եվրախորհրդի ներկայացուցիչներ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:

«Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտելու համար: Մենք չունենք քաղաքական օրակարգ, մենք այստեղ են դիտարկելու ընտրական գործընթացը: Մենք հետևելու ենք այն ստանդարտներին, որոնք կիրառում ենք ցանկացած ԵԱՀԿ երկրում, երբ անցնում են ընտրություններ: Մենք այստեղ ենք հրավերով, որովհետև առանց հրավերի չենք կարող գալ, դա ընթացակարգ է, բայց դա չի նշանակում, որ մենք կողմնակալ վերաբերմունք ունենք իշխանության նկատմամբ»,- ասաց Ուրսուլա Գաչեկը:

Հարցին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախորդ ընտրություններից հետո հրապարակած զեկույցում ընդգծել էր հանրության վստահության պակասի մասին, նշվել էր ընտրակաշառքների, հանրության վրա ճնշում գործադրելու երևույթի մասին, հիմա, երբ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, ԵԱՀԿ վերաբերմունքը փոխվե՞լ է Հայաստանի նկատմամբ, ղեկավարը պատասխանեց.

«Այո, մենք տեղյակ ենք այն բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի ունեցան Հայաստանում, բայց մենք գնահատում ենք այն, ինչ ազդեցություն է ունենալու ընտրական գործընթացի վրա: Մենք որևէ նախնական դիրքորոշմամբ չենք եկել, թե ինչպիսին են լինելու այս ընտրությունները: Ընտրություններից հետո կհավաքենք փաստերը, կդիտենք բոլոր դեպքերը և շատ մոտիկից այս ամենը կուսումնասիրենք: Երբ մենք՝ որպես ականատես, կարձանագրենք այն ամենը, ինչ կտեսնենք ընտրություններին, կանենք համապատասխան եզրակացություն: Մենք կիրառելու ենք նույն մոտեցումները, որոնք կիրառել ենք նախորդ ընտրությունների ժամանակ: Մենք նաև գիտենք, որ վերջերս փորձեր են արվել Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, գիտենք, որ ԱԺ-ն չի ընդունել այդ օրենսդրական փոփոխությունները: Մենք աշխատում ենք այն օրենքի հետ, որն այսօր կա»,- մանրամասնեց Ու. Գաչեկը:

Վերջինս շեշտեց, որ ինքը հանդիպել է ՀՀ ԿԸՀ նախագահի հետ, ում համար դժվար է այս ամենը կազմակերպել մինչև ընտրությունները, բայց նրանք խոստացել են արագ աշխատել: