Նյու Յորքում սկսվել է «աշխարհի ամենաազդեցիկ» նարկոբարոն Էլ Չապոյի դատավարությունը
Նյու Յորքում սկսվել է աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ նարկոկարտելի՝ մեքսիկական «Սինալոա»-ի ղեկավար Խոակին Գուսման Լոերայի՝ Էլ Չապոյի («գաճաճ») երկար սպասված դատավարությունը, հայտնում է The Guardian-ը:
Դատարանն Էլ Չապոյին մեղադրում է 1989-2014թթ. աշխարհի ամենահզոր նարկոկարտելը ղեկավարելու և այդ ընթացքում մեծ քանակությամբ կոկաին Միացյալ Նահանգներ ուղարկելու համար: Նշվում է, որ երբեմն նրա նարկոկարտելը մեկ օրում մինչև 10 մլն դոլար արժողությամբ թմրանյութ է ուղարկել ԱՄՆ:
Մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ Գուսմանին որպես «քավության նոխազ» են օգտագործում՝ «Սինալոա»-ի իրական ղեկավարին փրկելու համար: Նա մանրամասնել է, որ Մեքսիկայի գործող և նախկին նախագահները կաշառքներ են ստացել Իսմայել «Էլ Մայո» Զամբադային ձեռք չտալու համար:
Դատարանում վկաներից մեկը պատմել է, որ Գուսմանը «Սինալոա» կարտելը հիմնել է Զամբադայի հետ, և նույնիսկ 1993թ. ձերբակալությունը նրա համար արգելք չի հանդիսացել ճաղերի հետևից իր կայսրությունը ղեկավարելու համար: Նրա խոսքով՝ Գուսմանը սկսել է համատարած կաշառել մեքսիկացի պաշտոնյաներին ու ոստիկաններին:










