«Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական դաշինքն է հանդիսանում զսպող գործոն Ադրբեջանի ու Թուրքիայի համար». Վլադիմիր Եվսեև
Եթե Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանա, ապա Ռուսաստանը գործի կդնի Հայաստանի հետ միացյալ զորախումբը: Այդ մասին «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ հավելելով, որ նման սպառնալիք կարող է առաջանալ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:
«Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման փորձը»,- ասել է փորձագետը:
Ըստ նրա՝ ռազմական գործողությունների սկսման դեպքում Ռուսաստանը կուժեղացնի զորախումբը Հարավային ռազմական շրջանի զորքի հաշվին:
«Միևնույն ժամանակ, կկազմակերպվի Հայաստանի տարածքի պաշտպանությունը, օդային տարածքի փակումը և անհրաժեշտության դեպքում՝ սահմանների պաշտպանության ուժային ապահովումը»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:
Փորձագետը նշել է, որ ավելի վաղ ՌԴ պետդումայի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինի խոսքերն արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: Շվիտկինը, մեկնաբանելով Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի դերի մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ագրեսիայի դեպքում ապահովել Հայաստանի անվտանգությունը:
«Դա իրականության արտացոլումն է, և միայն դա է հանդիսանում զսպող գործոն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:










