Բացահայտվել է 34-ամյա քաղաքացու սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

13:43 • 14.11.18

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 1984 թվականին ծնված  տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված քաղաքացու: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս. Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։