Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Պաղեստինի հետ կնքված հրադադարի պատճառով
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նոյեմբերի 14-ին հայտարարել է հրաժարականի մասին, գրում է haaretz.com-ը՝ մանրամասնելով, որ դա կապված է 2014թ. ի վեր Գազայի հատվածում ամենաթեժ բախումներից հետո Պաղեստինի հետ կնքած հրադադարի հետ:
«Ես այստեղ եմ հրաժարականիս մասին հայտարարելու համար: Պատասխանելով հարցին, թե ինչու հիմա` կասեմ, որ պատճառը երեկ կնքված հրադադարն է, ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները, ահաբեկչությանը հանձնվելու փաստը: Այս ամենը նկարագրելու այլ ձև չկա: Դա ոչ այլ ինչ է, քան պարզապես կապիտուլյացիա ահաբեկչությանը»,-այսօրվա մամուլի ասուլիսում ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ ինքն ու վարչապետ Բինյամին Նեթանյահուն լուրջ տարաձայնություններ ունեն այս առնչությամբ:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ շարժումն ու պաղեստինյան մյուս զինված խմբավորումները համաձայնել են հրադադար կնքել Իսրայելի հետ 2014թ. ի վեր ամենաթեժ բախումների կիզակետ դարձած Գազայի հատվածում: Հրադադարի հաստատման հարցում հակամարտող կողմերի միջև միջնորդի դերը ստանձնել են Եգիպտոսն ու ՄԱԿ-ը:
ՀԱՄԱՍ-ն ու մյուս զինված խմբավորումները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունում են հրադադարը: Մինչդեռ Իսրայելը որևէ մեկնաբանություն չի արել, սակայն դադարեցրել է ավիահարվածները:
Երկու օր շարունակված բախումների ժամանակ պաղեստինյան կողմն Իսրայելը գրոհել է ավելի քան 400 հրթիռով, մինչդեռ իսրայելական օդուժն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 100 օբյեկտի:
Հայտնի է, որ բախումների հետևանքով Պաղեստինն ունեցել է հինգ, Իսրայելը՝ մեկ զոհ:










