CNN-ը դատի է տվել Թրամփի աշխատակազմին
Ամերիկյան առաջատար հեռուստաալիքներից մեկը համարվող CNN-ը դաշնային դատարանում հայց է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դեմ՝ Սպիտակ տնից պահանջելով վերադարձնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի լրագրողական անցաթուղթը:
Այդ մասին գրում է USA Today-ը՝ մանրամասնելով, որ Ակոստան լրագրողական անցաթղթից զրկվել էր մի քանի օր առաջ Սպիտակ տանը նախագահի հետ լեզվակռիվ ունենալուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ: Հայտնի է, որ նախագահը հրաժարվել է պատասխանել Ակոստայի հարցերին՝ անընդհատ պահանջելով, որ նա նստի տեղն ու բարձրախոսը մյուս լրագրողին փոխանցի:
Սակայն CNN-ի ներկայացուցիչը համառել է՝ թույլ չտալով Սպիտակ տան աշխատակցուհուն իր ձեռքից վերցնել բարձրախոսը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն Ակոստային մեղադրել է «ձեռքը Սպիտակ տան աշխատակցուհու վրա դնելու» համար:
«Հենց նոր Գաղտնի ծառայության աշխատակիցն ինձ տեղեկացրեց, որ իմ մուտքը Սպիտակ տուն արգելված է»,-թվիթերյան էջում գրել էր Ակոստան: Այնուհետև նա տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է աշխատակիցը ձեռքից վերցնում անցաթուղթը:
CNN-ի ներկայացրած հայցում նշվում է, որ կատարվածը հակասում է մամուլի ազատության իրավունքին:










