Պատերազմից լրջորեն տուժած սիրիական Դերաայում սկսվել են վերականգնման աշխատանքները
Սիրիայում սկսվել են հակամարտության հետևանքով լրջորեն տուժած Դերաա քաղաքի վերականգնման աշխատանքները, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ինչպես ներկայացրել է աշխատանքները համակարգող ինժեներ Բուշար Ասերը, նույնանուն նահանգի վարչական կենտրոնը հանդիսացող քաղաքի գլխավոր հրապարակի մաքրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին:
«Մենք զբաղված ենք փլատակների հեռացմամբ ու փողոցների մաքրմամբ, քանի որ շրջապատում եղած բոլոր տները ոչնչացված են: Մենք սկսել ենք 12 օր առաջ ու պետք է ավարտենք աշխատանքները 45 օրից», - նշել է Ասերը:
Նրա խոսքով՝ քաղաքի ենթակառուցվածքների վերականգնումը սկսվել է դեռ 2 ամիս առաջ:
Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա նահանգը, որը սահմանակից է Հորդանանին, համարվում է Սիրիայում հակակառավարական տրամադրությունների բռնկման հիմնական օջախներից մեկը, զանգվածային ցույցերն այստեղ սկսվել էին դեռևս 2011-ի մարտին: Սիրիական բանակի, զինված ընդդիմադիրների ու ահաբեկիչների միջև բախումները Դերաայում շարունակվել են մինչև 2017 թվականի հուլիսին կնքված հաշտությունը:
2018-ին, սակայն, իրավիճակը կրկին խիստ սրվել էր: Մինչև այս տարվա օգոստոսի սկիզբ տարածքի մեծ մասը շարունակել է գտնվել «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ: Այժմ Դերաան ամբողջությամբ սիրիական բանակի ենթակայության տակ է:










