Հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու. Դ. Անանյանը՝ «Գազպրոմում» չարաշահումների մասին (տեսանյութ)
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչ հիմքով են նշյալ ընկերությունում արվել ստուգումներ:
«Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար սույն թվականի հունիսին հրապարակել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված հարկ վճարողների ցանկը, որտեղ ներառված է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Ցանկից հետո առաջնահերթություններ կան սահմանված, և, ըստ էության, եռամսյակային խմբավորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ժամանակացույցը, և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդ ընթացքում ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն, և հաղորդում է տրվել Քննչական վարչություն հետագա ստուգումներ իրականացվելու համար:
«Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ,- ասաց նա՝ նշելով, որ պետք է հասկանալ, որ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ,- Քրեական գործի շրջանակներում այնպիսի քննչական գործողություններ պետք է իրականացվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամանակ: Հետևաբար պլանային ստուգման ժամանակ հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, գործարքներ, դեպքեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու:
Դավիթ Անանյանը չասաց, թե որքան գումարի յուրացման մասին է խոսք գնացել: «Դա արդեն իսկ քննչական գործողությունների ընթացքում համարվում է գաղտնի տեղեկատվություն»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները կարող են ազդած լինել գազի սակագնի վրա, նա պատասխանեց. «Այդ հարցին պատասխանելու համար պետք է բոլոր գործողություններն ավարտվեն, որովհետև եթե խոսքը կորուստների մասին է, ապա դրանք հաստատվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և հանդիսանում են սակագնի մաս: Մենք ունենք մի քանի անհայտով հավասարում, կա՛մ պետք է այդ կորուստները համարվեն շինծու, կա՛մ ընդհակառակը՝ ասվեն, որ դրանք տեղին են»:
Դավիթ Անանյանը նշեց՝ հայտնաբերած խախտումները կարող են առնչվել գազի սակագնի հետ, բայց այդպիսի շեշտադրում չցանկացավ անել:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախկինում «Գազպրոմ Արմենիա»-ի չարաշահումներում կոռուպցիոն ներգրավվածություն ունենան նաև ՊԵԿ աշխատակիցներ, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ հիմա դեռ չունի դրա վերաբերյալ իրավական հիմնավորում, որ կասկած հայտնի:
«Քննիչը կարող է որոշում կայացնել և վերստուգում նշանակել նաև նախկինում ժամանակահատվածում արված ստուգումներին: Հնարավոր է՝ այդ ժամանակ հերքվեն»,- ասաց նա:










