Կալիֆոռնիայում հրդեհներին կարող են փոխարինել հորդառատ անձրևները՝ իրենց հետ բերելով ջրհեղեղի ու սողանքների վտանգ

13:18 • 15.11.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին պատուհասած խոշոր անտառային հրդեհներին կարող են փոխարինել հորդառատ անձրևները, որոնք ջրհեղեղի ու սողանքների պատճառ կդառնան, այս մասին «РИА Новости»-ին հայտնել է նահանգի հրդեհային վարչության ներկայացուցիչ Ջոնաթան Կոքսը:

«Մենք անձրևներ ենք ակնկալում մեկ շաբաթից: Դա մեզ համար կարևոր է, անձրևները վաղուց պետք է տեղային: Սակայն մենք անհանգստանում ենք, որ այդ շրջաններում կարող են առաջանալ սողանքներ ու ջրհեղեղներ», - ասել է պաշտոնյան:

Նա հիշեցրել է, որ նահանգում շարունակում է ամբողջովին չմարված մնալ երկու խոշոր հրդեհ՝ Բյուտ շրջանի Փերըդայզ քաղաքի շրջակայքում, ինչպես նաև՝ Մալիբու շրջանում:

Հայտնի է, որ Բյուտ շրջանում բարդ իրավիճակը պահպանվում է հատկապես արևելյան մասում:

Մինչ այժմ հաստատվել է, որ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի:

Հիշեցնենք, որ այս անտառային հրդեհները Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամահաբեր ու պատճառած նյութական վնասի չափով խոշորագույնն են, որոնք արդեն «կուլ են տվել» 8.650 տուն և 106 բնակելի շենք, մինչդեռ ավերված շինությունների ընդհանուր թիվը 10.321 է:

Նշվում է, որ հրդեհի տարածման դեմ պայքարում է մոտ 10.000 հրշեջ, որոնց օգնում են նաև հատուկ այդ նպատակով ազատ արձակված կալանավորները: