Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ է պահանջել Խաշոգջիի սպանության համար մեղադրվող 5 անձի համար

15:33 • 15.11.18

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել Ստամբուլում երկրի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղադրվող 5 անձի համար, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Դատախազության եզրակացության մեջ նշվել է, որ սաուդցի լրագրողը սպանվել է «նրան հայրենիք վերադարձնելու անհաջող փորձից հետո»՝ խեղդամահ արվելով: Նշվում է, որ սպանության մասնակիցներից մեկը նաև մահացու դեղահաբ է տվել լրագրողին:

Կառույցը նաև հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ լրագրողի սպանության հրամանը տրվել է Ստամբուլում: Հայտնի է նաև, որ լրագրողի մարմինը մասնատվել ու դուրս է բերվել հյուպատոսության տարածքից:

Գործի շրջանակում հետաքննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի խորհրդականներից Սաուդ ալ Քահթանիի նկատմամբ, նրան արգելվել է լքել երկրի սահմանները:

Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, թե լրագրողն անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ հայտնել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին: