Պարզաբանումներ եմ պահանջելու ոչ միայն Բելառուսի նախագահից, այլև Ղազախստանի. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի ու դրան հաջորդած զարգացումների մասին

23:06 • 16.11.18

Մեր Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից: «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև:

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:

Նա նշեց, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումը կոնսենսուսով է կայացվում: Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ ՀԱՊԿ շրջանակներում պետք է հստակ խոսակցություն ունենալ դաշնակիցների հետ, որ կողմերից յուրաքանչյուրը հստակ իմանա, թե ինչ պարտավորություններ ու պարտականություններ ունի կազմակերպության ու նրա անդամ երկրների հետ:

Նա հավելեց, որ այս հարցը այսօր քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետո ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ-ն Բելառուսի թեկնածուի հարցում կոնսենսուսի գա, նա պատասխանեց, որ կոռեկտությունն ու հարգանքը գործընկերների նկատմամբ պահպանում են ու այս պահանջն են առաջ տանելու:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել էր կազմակերպության նիստը, սակայն որոշվել էր, որ գլխավոր քարտուղարի հարցի վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին: Նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: