ՌԴ Պետդումայի շենքում բացվել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ցուցահանդես
Ռուսաստանի Դաշնության պետական Դումայի շենքում նոյեմբերի 14-ին կայացել է «Հիշողություն ժամանակի մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է ազգային միասնության օրվան և պատմում է Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է radichesti.ru կայքը: Կայքը գրում է, որ ցուցահանդեսը հիմնադրամի և նրա նախագահ Հրաչյա Պողոսյանի երկարատև բարեգործական աշխատանքի արդյունք է, որն ուղղված է Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգևոր կապերի ամրապնդմանը, աջակցությանը սոցիալական նշանակության ծրագրերին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Պետական Դումայի աշխատանքի, սոցիալական, քաղաքական և վետերանների հարցերով հանձնաժողովը՝ Ветеранские вести լրատվական գործակալության աջակցությամբ:










