Վարչապետի պաշտոնակատարը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար

14:03 • 16.11.18

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝  ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով և գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն հռչակված Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մինչ այդ 8 տարի Հայաստանի ներկայացուցիչներին չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Գոռ Մինասյանն էլ երկամարտի 450 կգ արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ: