Իդլիբում իրավիճակը չի կայունացել. ՌԴ ԱԳՆ
Սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման համար հստակ սահմանազատում և ծայրահեղականների ամբողջական զինաթափում դեռ տեղի չի ունեցել, նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Զախարովան նշել է, որ չնայած թուրքական կողմը ջանքեր է գործադրում Սոչիում Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն այս առումով ի կատար ածելու համար՝ Իդլիբում վիճակը շարունակում է անկայուն մնալ, իսկ հստակ սահմանազատում այդպես էլ չի կատարվել:
Նա նաև նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում սիրիական բանակը կանխել է ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների՝ Իդլիբից Հալեպ ներթափանցելու փորձը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին ապառազմանակացված գոտի հիմնել Իդլիբում, Թուրքիան իր հերթին պարտավորվել էր ապահովել զինված ծայրահեղականների զինաթափումն ու դուրսբերումը տարածքից:
Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն էր:
Օրերս Սիրիայի ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ Թուրքիան չի կատարում սիրիական Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով խնդրի քաղաքական հանգուցալուծման գործընթացը կանգ է առել:










