Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակման նոր միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Կարեն Բատիկյան
Փաստաբան Կարեն Բատիկյանը Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակման նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել հարցը:
Tert.am-ի հետ զրույցում Մայրապետյանի փաստաբանը նշեց, որ անձնական գրավոր երաշխավորություն են ներկայացրել վստահություն վայելող 11 անձ: «Այդ միջնորդություններն եմ ներկայացրել, որ խափանման միջոցը փոխվի: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքերի առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ փաստաբանի՝ նաև բաց նամակով երաշխավորություն է ներկայացրել մոտավորապես 30 հոգի, որոնց թվում են ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, բուհերի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ:
Ըստ փաստաբանի՝ վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են ներկայացրել առ այն, որ իրենց խոսքով և մուծվող գումարով երաշխավորում են Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը. «Երաշխավորում են, որ Մայրապետյանն ազատության մեջ գտնվելու պայմաններում պահպանելու է դատավարական պատշաճ վարքագիծ»:
Փաստաբան Բատիկյանը հիշեցրեց, որ նման միջնորդությունն արդեն երկրորդն է, առաջին դեպքում Դատախազությունը մերժել է:
Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազություն մուտքագրվել է այսօր և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն՝ պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը:










