Լեզվական խոչընդոտներ, կարոտ, անորոշություն. France 24-ն անդրադարձել է Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրներին (տեսանյութ)
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքն անդրադարձել է սիրիական հակամարտության հետևանքով պատմական հայրենիք տեղափոխված սիրիահայերին ու Հայաստանում նրանց ունեցած խնդիրներին:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանն այս տարիներին ընդունել է շուրջ 20.000 սիրիացու, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեն: Չնայած ձեռնարկված մի շարք քայլերին՝ նրանք շարունակում են բախվել բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը լեզվական խոչընդոտն ու գործազրկության բարձր մակարդակն են:
Լրագրողի հետ զրույցում սիրիահայերը նաև պատմել են բուժօգնության հասանելիության հետ կապված խնդրի մասին:
Պակաս դժվարություններ չի ստեղծում նաև հոգեբանական տրավման, որը պայմանավորված է հարազատ տները լքելու փաստով ու ապագայի հարցում անորոշությամբ:
Հեռուստաալիքը նաև անդրադարձել է սիրիահայերին օգնող բազմաթիվ բարեգործական հիմնադրամներին ու նախաձեռնություններին, որոնք միտված են Հայաստան տեղափոխված սիրիահայերի կյանքի պայմանները բարելավելուն:










