Այս ցուցակներով կազմված խորհրդարանը լուրջ քաղաքական գործառույթ չի իրականացնելու. Ա.Բաղդասարյան (տեսանյութ)

19:38 • 17.11.18

Արտահերթ  խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուժերի ցուցակները  գոհացնող չեն,այդ թվում «Իմ Քայլը» դաշինքինը, այդ ցուցակներով կազմված խորհրդարանը լուրջ քաղաքական գործառույթ չի իրականցնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«ՔՊ-ի ցուցակը կարող էր և ավելի վատը լիներ, դա ոչ մեկին դուր չի եկել, շատ վիճահարույց ցուցակ է, բայց հասկանում եմ նաև, որ հասարակության ակնկալիքները չափազանց մեծ էին, և այնտեղ ինչ ցուցակ էլ լիներ, էլի քննադատության էր արժանանալու: Ուղղակի էդ ցուցակի 80 տոկոսին ես ինքս չեմ ճանաչում,  հասարակությունն էլ չի ճանաչում, լավ կլինեն, թե վատ, դժվար է ասել: Հիացած չեմ ոչ մի կուսակցության  ցուցակով, մտահոգիչն այն է, որ այդ ցուցակներով կազմված խորհրդարանը լուրջ քաղաքական գործառույթ չի իրականցնելու երկրի ներքաղաքական կյանքում: Ես այնտեղ չեմ տեսնում մարդիկ, ովքեր լրջագույն հարցեր կբարձրացնեն, քննարկումներ կանեն, հարկ եղած դեպքում՝ կառարկեն կառավարության բերած նախաձեռնություններին, համարձակություն կունենան դեմ քվեարկել, սկզբունքային դիրքորոշում կներկայցնեն: Ես առաջին հերթին ՔՊ-ի ցուցակը նկատի ունեմ»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ցուցակից կարող ենք եզրահանգել, որ ՔՊ-ն, որպես կուսակցություն, դեռ կայցած չէ` հաշվի առնելով նաև  ՔՊ-ական շրջանառվող նախնական տեսակետները կարգախոսի ընտրության  վերաբերյալ:

«Ճիշտն ասած՝ ես լսեցի, որ կարգախոսը կարող է լինել «Նիկոլ վարչապետ», ինձ թվաց, թե դա քաղաքական բավականին անհաջող հումոր է, վստահ եմ, որ քննարկումներից  հետո այդպիսի կարգախոս չի ընտրվի, չի կարելի այդպիսի կարգախոսով գնալ ընտրություններին: Դա կոպիտ սխալ է, կարգախոսն իր մեջ պետք է պարունակի տվյալ քաղաքական ուժի ծրագրերը, զարգացման տեսլականը: Պետք է հռչակել նպատակը, ոչ թե ձևը: Համոզված եմ` ՔՊ-ում կան ողջամիտ մարդիկ, ովքեր մի կողմ կդնեն այդ կարգախոսը և կասեն՝ դա քաղաքական, գուցե, անհաջող հումոր էր»,-շեշտեց նա:

Անդրադառնալով  ՀՀԿ-ին՝ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ որպես ընդդիմություն, հասարակությունն իրենց չի ընկալում, նրանց հետ հույսեր չի կապում: Ըստ նրա` երկրորդ ուժը մնալու հեռանկար ունի ԲՀԿ-ն:

Մանրամասները` տեսանյութում: