Հնդկաստանում «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի

13:32 • 17.11.18

Հնդկաստանի հարավարևելյան Թամիլնադ նահանգ հասած «Գաջա» հզոր ցիկլոնի զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Oneindia տեղեկատվական հարթակին:


Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին:


Հնդկաստանի վարչապես Նարենդրա Մոդին խոստացել է տուժած նահանգին մեծ աջակցություն ցուցաբերել: Իշխանությունները գնահատում են ափամերձ տարածքներին հասցված վնասները:

Բենգալյան ծոցից եկող «Գաջա» ցիկլոնը նահանգին հարվածել էր ուրբաթ գիշերը՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ և ուժեղ քամի: Ափամերձ շրջաններից մոտ 80 հազար բնակիչ է տարհանվել, որոնք ապաստանել են ժամանակավոր ապաստարաններում:

Մինչև 120 կմ/ժ արագությամբ քամին արմատախիլ է արել ծառեր, պոկել տների տանիքները, որոշ տարածքներ հոսանքազրկվել են, զգալի չափով ափամերձ շրջաններ ջրի մեջ են հայտնվել:


Ցիկլոնը շարժվում է արևմտյան ուղղությամբ՝ կորցնելով ուժգնությունը: