ԱՄՆ-ն նախկինի պես Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս ունի. ԱՄՆ փոխնախագահ
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս ունի, գրում է РИА Новости գործակալությունը:
«Միացյալ Նահանգները փորձում է Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, որոնք հիմնված կլինեն ազնվության, փոխադարձության և միմյանց ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,-Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար գագաթնաժողովում ելույթի ժամանակ ասել է Փենսը:
Նա հույս է հայտնել, որ Արգենտինայում «Մեծ քսանյակ»-ի երկրների հանդիպման շրջանակում ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը երկու երկրների փոխհարաբերություններում մեծ առաջընթաց կգրանցի՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն չի փոխել իր կոշտ դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմը սկսվել է այս ամռանը, երբ հուլիսի 6-ին ուժի մեջ մտան երկու երկրների միջև փոխադարձ բարձրացված մաքսատուրքերը:










