Հյուսիսային Կորեան ևս մի ամերիկացու է ազատ արձակել

15:01 • 17.11.18

Հյուսիսային Կորեայի իշխանությունները Միացյալ Նահանգների ևս մի քաղաքացու են ազատ արձակել, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը:


«ԱՄՆ-ն շնորհակալ է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը՝  համագործակցության և Շվեդիայի դեսպանատանը՝ ԱՄՆ քաղաքացու ազատ արձակմանն աջակցելու համար»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի գրավոր հայտարարության մեջ:

Քաղաքացու անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն այն, որ նրան ձերբակալել էին հոկտեմբերին՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի սահմանը հատելիս:

Շվեդիան Վաշինգտոնի և Փհենյանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ԿԺԴՀ-ում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:

Հիշեցնենք, որ մայիսին Հյուսիսային Կորեան ազատ էր արձակել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող երեք մարդու: