Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը
12։16
Լրագրողներին չհաջողվեց հանդիպել Ռուբեն Խաչատրյանին, սակայն կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ նա մոտ օրերս հանդես կգա ասուլիսով:
Ինչ վերաբերում է մատնանշած խնդիրներին, Ռուբեն Աբրահամյանն արձագանքեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է իր դժգոհությունը հայտնելը:
«Եթե նրանք ունեն հստակ փաստեր, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին և նրանք կտան իրենց գնահատականը»,- ասաց Ռուբեն Աբրահամյանը:
Նա նշեց, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանը ստուգումներ պետք է անցկացնի այգում, և հույս հայտնեց, որ այդ ստուգումների արդյունքում կտրվի հարցերի պատասխանները և իրավաչափ գնահատական կտրվի կենդանաբանական այգու իրավիճակին:

Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից: Ըստ նրանց՝ Ռուբեն Խաչատրյանը կենդանասեր չէ և ոլորտին չի տիրապետում:
«Այգին դիտարկում է զուտ որպես բիզնեսի աղբյուր: Նրա համար կարևոր է ոչ թե կենդանիների առողջությունը, կարևոր է, թե այգուն որքան գումար կտրվի: Օրինակ՝ արջերը, որոնք փրկվում և բերվում են կացարան, դա զուտ գումարի համար է»,- ասաց այգու Կենդանիների բաժնի խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը, որին ազատել են աշխատանքից:
Անդրադառնալով քնեցված 3 առյուծներին, որի մասին հայտարարել էր Ռուբեն Խաչատրյանը, նախկին աշխատակիցն ասաց, որ որևէ մեկն անալիզ չի վերցրել, չի ստուգել առյուծներին: Ըստ նրա՝ առյուծների քնեցումը եղել է առանց հիմնավորման:
Նախկին և ներկա աշխատակիցները նաև կասկածի տակ են դնում օրերս թունավորումից անկած զեբրի հարցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրն անկել է: Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։
Կենդանաբանական այգու անվտանգությանն աշխատակիցը ներկայացրեց Ռուբեն Խաչատրյանի հետ կապված մեկ այլ պատմություն: «Այգում շինարարական աշխատանքներ են կատարվում, եղնիկներին պետք է տեղափոխեին: Եղնիկներից մեկը գիշերը գլուխը մտցրել էր ցանցի արանքը և սատկել էր: Առավոտյան Ռուբեն Խաչատրյանը գալիս է և ասում է, որ այս կենդանին արժե 800 հազար դրամ, պետք է վճարեք: Ես չեմ ընդունել և ասել եմ, որ դա իմ մեղավորությունը չէ»,- հայտնեց նա:











