Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար. երկրի ԱԳՆ

20:38 • 18.11.18

Ադրբեջանի ԱԳՆ-ը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի  ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ: Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ մեջբերելով երկրի ԱԳՆ հաղորդագրությունը:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի ելույթը ԱՄՆ տարածքում և անջատողական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Այդ քայլը վնաս է հասցնում հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունն ընդգծել է, որ «անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին» ամերիկյան մուտքի արտոնագիր տրամադրելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ վիզային ընթացակարգերի համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ։