Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում, նման տեղեկություն է հաղորդում ռուսական «Пятый канал»-ը:
Նշվում է, որ Յանուկովիչին հիվանդանոց են տեղափոխել դեռ ուրբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին հիվանդանոց են հասցրել մերձմոսկովյան թենիսի ակումբներից մեկից՝ ծնկի վնասվածքով: Յանուկովիչին համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո դուրս են գրել հիվանդանոցից:
Իր հերթին «360» հեռուստաալիքը նշել է, որ նոյեմբերի 16-ին հիվանդանոց ընդունված և արտաքնապես Յանուկովիչին շատ նման հիվանդի տվյալներն ամբողջությամբ համապատասխանել են Ուկրաինայի նախկին նախագահի անձնական տվյալներին:










