Պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով. չնայած փոխվարչապետի համոզմանը՝ հարցը օրակարգում չներառվեց
Այսօր կառավարության արտահերթ նիստ տեղի ունեցավ, որը վարում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց օրակարգում ներառել արտաբյուջեներից հրաժարվելու խնդիրը: «Մենք եկար քննարկել ենք, բայց ժամանակը չի բավարարել, հաշվի առնելով նաև ներքին զարգացումների արագացման աստիճանը, որ մինչև վերջ տրամաբանական ավարտին հասցնենք մի հարց, որը կապված է մի շարք օրենքների փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ արտաբյուջետային հաշիվների հետ կապված փոփոխություն կառաջացնի, եթե դեմ չեք, այս հարցը ներառենք օրակարգում»,-ասաց նա:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նկատեց, որ հարցը քննարկվել է կոմիտեի նիստին րոպեներ առաջ: «Կարծում եմ, որ այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա, և հարցը կոմիտեի նիստին հավանության չի արժանացել: Ես կարծում եմ, որ կարելի է կազմակերպել հետագա քննարկումներ ու միայն դրանից հետո վերադարձնել կոմիտեի նիստ, ապա բերել կառավարության նիստ»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց քվեարկել հարցն օրակարգում ներառելու հարցը, քանի որ բոլորը չեն եղել կոմիտեի նիստին: «Հարցը սկզբունքային նշանակություն ունի, կա´մ գնում ենք այդ ճանապարհով, կա´մ չենք գնում, կարող ենք հայտարարել, որ հիմա չենք գնում այդ ճանապարհով, նպատակահարմար չէ և չքննարկենք, բայց կառաջարկեի այդ որոշումը կայացվեր»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանի հարցին, թե ինչ կլինի, եթե մեկ ամսով հետաձգվի այս հարցը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ երկու ծայրահեղ պատասխան կարող է տալ: «Բացարձակապես ոչինչ, քանի որ քսանյոթ տարի չենք անդրադարձել կամ էպիզոդիկ դրվագային ենք անդրադարձել և ոչ մի անգամ չի հաջողվել այս հարցը վերջին հասցնել»,-ասաց նաև նշեց, որ Ֆինանսների նախարարությանը հաջողվել է ազատվել այդ կարծրատիպից, թե առանց արտաբյուջեի հնարավոր չէ ապրել:
Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցն ընդգրկել օրակարգում, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա երկար ընթացք կպահանջի, կարելի է այս հարցը տեղափոխել այլ հարթակներ, մանրամասն քննարկել, նախապատրաստել կոնկրետ նախագիծ, որը բոլոր ռիսկերին կտա պատասխաններ և նոր դնել քննարկման:
Այսպիսով՝ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած՝ արտաբյուջեների վերացման հարցը օրակարգում ներառելու հարցին կողմ քվեարկեց հինգ հոգի, դեմ՝ յոթ: «Առաջարկը չանցավ, ես ուզում եմ շնորհավորել բոլորիս, պարո´ն Ջանջուղազյան, որովհետև իրականում ռեֆորմների ճանապարհն իսկապես փշոտ է, սա մի լուրջ հարց է, որը մշտապես տարբեր գերատեսչությունների շահերի և հետաքրքրությունների կենտրոնում է եղել: Վստահաբար մենք պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով, ափսոս մինչ այս պահը անհրաժեշտ խորությամբ հարց երևի չի քննարկվել, և գերատեսչությունները դեռևս գնում են իներցիայով, գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով»,-ասաց նա և նշեց, որ պետք է հրաժարվել այդ գայթակղությունից, ինչպես, օրինակ՝ Ֆինանսների նախարարությունն է հրաժարվել, բայց նրանց կյանքը դրանից չի տուժել:
«Արտաբյուջեներով ոչ թափանցիկ զանազան հոսքերի կառավարում չի լինելու, արտաբյուջեներից պետք է հրաժարվել»,-հավելեց Արարատ Միրզոյանը:










