Իներցիայով շատերը փորձում են մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, բայց մենք համակերպվողի դերում չենք լինելու․ Ն․ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ին

15:10 • 19.11.18

Գավառում համայնքապետերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հանդիպման եկած քաղաքացիների հարցերին։ Համայնքի կրթահամալիրներից մեկի տնօրենն անդրադարձավ Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազի՝ ՀՀ-ին վերաբերող հայտարարությանը։

«Այո, մենք ապրում ենք բուռն փոփոխությունների ժամանակաշրջանում, բայց ուզում եմ մտահոգություն հայտել, որ Խորհրդային Միության տարածքում ապրող պետություններն ունենում են Բելառուսի ԱԳ նախարարի խոսնակի նման  աշխատակիցներ։ Պապիս 2 եղբայրները Բելառուսն ազատագրել են ու զոհվել, ազատագրել են այն փողոցները, որտեղ Բելառուսի ժողովուրդը ճգնում էր նացիզմի լծի տակ։ Բելառուսի ժողովուրդը, շատ լավ իմանալով այս ամենը, պետք է հարգանքով մոտենա մեր ազգին»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան էլ, համաձայնելով, հավելեց, որ ընդհանրապես մեր պապերը Հայրենական մեծ պատերազմում մեծ դեր են ունեցել։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ասեմ, որ, կարծում եմ՝ մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է արձանագրեն մի բան՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսել, այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ չեն լինելու, այսինքն՝ մենք համակերպվողի դերում չենք լինելու։ Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ շատերը փորձ են անում մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, բայց պարզ ասում եմ՝ չի անցնելու, որովհետև հնարավոր է, որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց փոքր ժողովուրդ չենք։ Մենք հազարամյա  պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալի ժողովուրդ ենք։ Էլի եմ ասում՝ մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որը մարդկության պատմության մեջ նախադեպը չունի»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը հորդորեց համոզված լինել, որ հայ ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են պահպանելու ու պաշտպանելու ՀՀ-ի շահերը։

«Սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման շրջանակում ներկայացրել էր ավելի վաղ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկված թեմաները:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից:

«Դա մոտավորապես նույնն է, եթե ես հրավիրեի ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող որևէ երկրի դեսպանի ու պատմեի նրան փակ դռների հետևում կայացած հանդիպման մասին»,-ասել էր Փաշինյանը

Ի պատասխան Փաշինյանի՝ Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»:

«Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր։ Պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ  այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»,- ասել էր նա։

 

ՀեղինակԱնի Օհանյան