Դրա՞խտ, թե՞ հաճույք. Թրամփը շփոթել է անտառային հրդեհներից ամբողջովին մոխրացած քաղաքի անունն ու անհարմար իրավիճակում հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է մեկ շաբաթից ավելի Կալիֆոռնիա նահանգի հարավում ու հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհներին ու դրանց հետևանքով հիմնովին ավերված Փերըդայս քաղաքին՝ շփոթելով քաղաքի անվանումն ու այն «Փլեժըր» անվանելով:
Հատկանշական է, որ «փերըդայս»-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է «դրախտ», մինչդեռ «փլեժըր»-ը՝ «հաճույք»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահը բնակավայրի անունը երկու անգամ է շփոթել:
«Մենք հենց նոր ենք գալիս Փլեժըրից»,-ասել է 72-ամյա ղեկավարը, որի թույլ տված լեզվի սայթաքումը շտապել են ուղղել ներկաները:
Նախագահն ուշադրություն չի դարձրել ուղղումներին ու կրկին Փլեժըր է ասել: Սակայն ելույթի վերջում նա բարեհաճել է օգտագործել քաղաքի ճիշտ անվանումը:
«Այն, ինչ մենք տեսանք Փերըդայսում, ուղղակի անընդունելի է: Մարդիկ չեն գիտակցում այստեղ կատարված ողբերգության մասշտաբները, քանի որ այդ մասին տեղեկանում են հեռուստացույցից, կայքերից: Մինչդեռ ողբերգական պատկերն ամբողջական տեսնելու համար, պետք է այստեղ լինել»,-ասել է նա:
Անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, մինչդեռ անհետ կորածները մոտ 1000-ն են:














