Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 500-ը

01:58 • 20.11.18

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 500-ը, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին:

Ավելի վաղ հաղորդվել էր 400 տուժածի մասին:

«Տուժել է 527 մարդ, նրանցից 17-ը ծանր վնասվածքներ են ստացել», - ասել է նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ֆրանսիայում բենզինի գնի աճի դեմ իրականացվող բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 287 000 մարդ: Երկրի հարավ-արևելքում ակցիաների անցկացման ժամանակ մեկ մարդ զոհվել է մեքենայի վրաերթի հետևանքով:

Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի հարկերը բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել հարկերի բարձրացման մասին որոշումը: