Լրագրողներին արգելվել է Թրամփին 1-ից ավելի հարց ուղղել

11:42 • 20.11.18

Սպիտակ տունը նոր կանոն է սահմանել նախագահի մամուլի ասուլիսներին մասնակցելու համար հավատարմագրված լրագրողների համար. այսուհետ նրանց արգելվում է ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին մեկից ավելի հարց տալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն այս մասին հայտնելիս ընդգծել է, որ դա արվել է վերջերս CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հետ պատահած միջադեպերի կրկնությունից խուսափելու համար:

«Լրագրողն իրավունք կունենա ընդամենը մեկ հարց հղել Թրամփին, ինչից հետո պետք է խոսափողը մյուսին փոխանցի: Սակայն եթե նախագահը թույլ տա, նույն լրագրողը կարող է երկրորդ հարցը հղել»,-ասել է Սանդերսը:

Հայտնի է, որ ամերիկյան առաջատար հեռուստաալիքներից մեկը համարվող CNN-ը դաշնային դատարանում հայց էր ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դեմ՝ Սպիտակ տնից պահանջելով վերադարձնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի լրագրողական անցաթուղթը:

Ակոստան լրագրողական անցաթղթից զրկվել էր մի քանի օր առաջ Սպիտակ տանը նախագահի հետ լեզվակռիվ ունենալուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագահը հրաժարվել էր պատասխանել Ակոստայի հարցերին՝ անընդհատ պահանջելով, որ նա նստի տեղն ու բարձրախոսը մյուս լրագրողին փոխանցի: Սակայն CNN-ի ներկայացուցիչը համառել էր՝ թույլ չտալով Սպիտակ տան աշխատակցուհուն իր ձեռքից վերցնել բարձրախոսը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն Ակոստային մեղադրել է «ձեռքը Սպիտակ տան աշխատակցուհու վրա դնելու» համար: