Փարիզում շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը. վիրավորների և ձերբակալվածների թիվն աճում է

22:49 • 01.12.18

Փարիզում բենզինի գնաճի դեմ երրորդ շաբաթը շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում 183 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին:

«Դեղին անթև բաճկոնների» շարժման բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սկսել են հավաքվել Ելիսեյան դաշտերում: Մայրաքաղաքում ցույցի մասնակիցները բախումներ են ունեցել ոստիկանների հետ, որոնք էլ արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Միևնույն ժամանակ Փարիզի ոստիկանությունից հայտնել են, որ ցույցերի ժամանակ տուժած մարդկանց թիվը հասել է 80-ի, որոնց թվում՝ ոստիկանության 14 աշխատակից:

Հիշեցնենք, որ բենզինի գների բարձրացման դեմ զանգվածային բողոքի ցույցերը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մեկնարկել են նոյեմբերի 17-ին, ապա շարունակվել նոյեմբերի 24-ին: