Գնալով երկիրը վատանում է, մեր առջև լուրջ մարտահրավերներ կան. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում քիչ առաջ ելույթ ունեցավ Սպիտակ քաղաքում:
Նա նշեց, որ մարդիկ պետք է ձայն տան իրենց, որովհետև իրենք բազում կարևոր օրենքների հեղինակներ են:
«Անվճար պոլիկլինիկաների, անվճար մանկապարտեզների հեղինակը ՕԵԿ-ն է: 250 օրենքի հեղինակ ենք, չկա մեզ նման երկրորդ կուսակցություն, որ այսպես օրենքներ բերի սոցիալական տարբեր խավերի մարդկանց համար: Մենք առաջարկում երկիրը կառավարել ոչ թե սոսկ «դուխով», այլ խելքով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ժողովուրդը պետք է լսի բոլորին ու կատարի իր ընտրությունը:
ՕԵԿ առաջնորդն ընդգծեց, որ «հրաշալի հեղափոխությունից» հետո ստեղծվել է հնարավորություն Հայաստանը տանել զարգացման նոր ճանապարհով:
«Հեղափոխությունը հեղափոխություն, հիմա պետք է մտածենք երկիրը առաջ տանելու մասին: Հայերի վերջին խելքը չլինի: էն, որ ասում է՝ վերքը տիրոջն է ցավ տալիս: Գնալով երկիրը վատանում է, մեր առջև լուրջ մարտահրավերներ կան»,- նշեց Ա. Բաղդասարյանը:










