Բեռլինում իսլամական համաժողովի մասնակիցներին խոզի մսից պատրաստված ուտեստ են հյուրասիրել

22:35 • 02.12.18

Բեռլինում Գերմանական իսլամական 12-րդ համաժողովի կազմակերպիչները մասնակիցներին որպես խորտիկ խոզի մսից պատրաստված երշիկ են առաջարկել:

Ինչպես հայտնում է Die Welt պարբերականը, մասնակիցներն այս քայլն ընդունել են որպես անարգանք: «Նախօրեին գերմանական մայրաքաղաքում անցկացված իսլամական համաժողովի ճաշարանում կրկին խոզի միս է եղել:

Նրանք խոզի մսով են մատուցել: Ի՞նչ է դրանով ուզում ասել ներքին գործերի նախարարությունը: Տեղին կլիներ որոշակի հարգանք ցուցաբերել մուսուլմանների նկատմամբ, որոնք խոզի միս չեն ուտում», - նկատել է լրագրող Թունջայ Օզդամարը՝ Twitter-ում լուսանկար հրապարակելով միջոցառումից:

Ինչպես նշվում է, ճաշարանում ներկայացված 13 տեսակի խորտիկներից վերոնշյալ երշիկի մասին ոչինչ չկար գրված, և մասնակիցներից ոմանք քիչ էր մնում համտեսեին այն:

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորվել են: