Փարիզում «Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 412-ի. Figaro
Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված ակտիվիստների թիվը հասել է 412-ի, այս մասին տեղեկացնում է Figaro պարբերականը:
Նշվում է, որ ձերբակալվածներից 387-ը մինչ այս պահը շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքներում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ցուցարարներին ցրելու համար իրավապահները նախօրեին կիրառել են ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ:
Ըստ վերջին տվյալների՝ բախումների հետևանքով տուժել է ավելի քան 133 մարդ, նրացից 23-ը իրավապահներ են:
Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:
Հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:










