Իսրայելական ոստիկանությունը բերման է ենթարկել 40 բուժաշխատողի, ովքեր կեղծ դիպլոմներ են ստացել ՀՀ-ում և Վրաստանում. լրատվամիջոցներ (տեսանյութ)

22:48 • 02.12.18

Իսրայելի ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 40 բուժաշխատողի: Նրանց կասկածում են աշխատանքի ընդունվելիս ավարտական կեղծ դիպլոմներ ներկայացնելու մեջ, որոնք ստացել են հայկական բուհերում:

Իսրայելական newsru.co.il-ը, հղում անելով ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ իրականացվել է «Սպանության լիցենզիա» գործողությունը, ինչի շրջանակներում էլ բերման են ենթարկվել բուժաշխատողները: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ այս անձինք համապատասխան կրթությունը լիարժեք չեն ստացել, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականությունները, սակայն ստացել են համապատասխան հավաստագրերը:

Հետաքննությունը սկսվել է, երբ Առողջապահության նախարարությունը ահազանգ է ստացել: Ապա գործի քննություն է ընթացել, ընդ որում գաղտնի, և երբ ոստիկանությունը ձեռք է բերել բավարար ապացույցներ, կասկածյալները բերման են ենթարկվել:

Sputnik.ru-ի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածների մի մասն էլ նման դիպլոմներ ստացել է Վրաստանում: