Passport Index-ը հայտնել է աշխարհի «ամենաուժեղ» անձնագիրն ունեցող երկրի անունը

11:23 • 02.12.18

Passport Index պորտալը նոր վարկանիշային աղյուսակ է ստեղծել՝ հայտնելով աշխարհի «ամենաուժեղ» անձնագրով երկրի անունը: Պարզվում է, որ իրենց անձնագրերով առանց վիզայի ամենից շատ երկրներ ճամփորդելու հնարավորություն ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները:

Հայտնի է, որ ԱՄԷ-ի անձնագրով հնարավոր է ազատ ճամփորդել 167 պետություն:

«Աշխարհը բացում է իր դռները ԱՄԷ-ի ժողովրդի առաջ»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է երկրի փոխնախագահ ու վարչապետ, Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակթումը:

Երկրորդ տեղում է սինգապուրյան անձնագիրը. Սինգապուրի քաղաքացիները կարող են առանց վիզայի մասին մտահոգվելու ուղևորվել 166 երկիր:

ԱՄԷ-ին ու Սինգապուրին հաջորդել են Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները:

Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 199 երկիր: