Նոր տոնածառն արժեցել է շուրջ 70 մլն դրամ. թող հասարակությունն ինքը որոշի՝ դա անհարկի ծախս է, թե ոչ. քաղաքապետի մամուլի քարտուղար

19:35 • 03.12.18

Տոնածառի ձեռքբերման, Ռուսաստանից տեղափոխման, մոնտաժման աշխատանքները, լուսային շղթաները, զարդարանքները ամբողջը միասին արժեն 70 միլիոն դրամից մի փոքր ավելի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե որքան է արժեցել նոր տոնածառի ձեռքբերումը:

«Տոնածառը վերջին 13 տարվա ընթացքում փոխվում է առաջին անգամ, և բացի նրանից, որ նոր դիզայնով, նոր ճաշակով և թարմ տոնածառ կունենանք, պետք է հաշվի առնել նաև, որ նախորդ տոնածառը ֆիզիկապես բավականին մաշված էր, մետաղական կոնստրուկցիան զգալիորեն ժանգոտված էր և նաև անվտանգության հետ կարող էին խնդիրներ առաջանալ»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Հակոբ Կարապետյանը գրառում էր կատարել, որ նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները և նոր տոնածառը լինելու է 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:

Ինչ վերաբերում է հարցին, թե մտահոգություն չունեն, որ կարող են մեղադրվել անհարկի ծախսեր կատարելու մեջ, Հակոբ Կարապետյանը ասաց, որ թող հասարակությունը ինքը որոշի՝ դա գումարների անհարկի ծախս է, թե ոչ: Նա նշեց, թեև որ ցանկություն կար ամբողջ քաղաքի տոնական զարդարանքը թարմացնելու, սակայն դա կապված կլիներ շատ ավելի մեծ գումարներ հետ: Նա նկատեց, որ տոնածառը մի քանի տարի է ծառայելու, և այն երկրի գլխավոր տոնածառն է:

Մամուլի քարտուղարը նշեց նաև, որ նոր տոնածառի ձեռքբերման որոշումը կայացվել է քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացում: