Մեր կարծիքով՝ Գլխավոր դատախազի փաստարկները չեն բավարարում, որ կալանք կիրառվի, հարցի քննությունը կշարունակվի վաղը. Ռ. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

11:13 • 03.12.18

18:40

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը ընդմիջվեց և կշարունակվի վաղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ այսօր Դատախազությունը ներկայացրեց իրենց առարկությունները, և դատախազության առարկությունների քննարկման փուլը, ըստ էության, ավարտվեց: «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ դատախազությունը գտնում է, որ պարոն Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի, կկաշկանդի, և ըստ դատախազության՝ ենթադրվում է, որ պետք է կալանավորվի: 

Մեր կարծիքով՝ ոչ մի բան հիմնավորված չէ փաստաթղթերում նշվածից»,-ասաց նա և նշեց, որ դեռևս նախատեսված են արձագանքներ, դիրքորոշումների ներկայացման փուլը, կներկայացվեն միջնորդություններ: Պաշտպանը նշեց, որ սա այն գործը չէ, որ շտապողական ավարտեն, և ամեն օր յոթ ժամ գրեթե նիստ է լինում:

«Գլխավոր դատախազի արգումենտները հետաքրքիր էին, քննարկման արժանի են, բայց մեր կարծիքով՝ միևնույն է, դրանք չեն բավարարում, որ կալանքը կիրառվի»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ դատարանը ձևավորվել է վիճակահանությամբ, բայց օրենքով դա նախատեսված չէ և նախկինում չի կիրառվել:

Նա ասաց, որ պնդել են, որ Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը խախտված է: Արամ Օրբելյանը նշեց, որ բոլոր հնարավոր իրավական գործիքները օգտագործելու են և ՍԴ դիմելու համար որոշակի տեխնիկական խնդիրներ կան: Նա ասաց, որ այս նիստին Քոչարյանը ներկայացրել է իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ:



17.32


Ընդմիջումից հետո Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:



17։16

Չէի ասի, որ համոզիչ են նրա հակափաստարկները, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է. Հայկ Ալումյանը` գլխավոր դատախազի առարկությունների մասին


Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը և այս պահին ընդմիջում է հայտարարված:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց, որ հիմնականում՝ մասնավորապես վերջին 40 րոպեն,  գլխավոր դատախազն էր ներկայանցում առարկություններ: «Նա դետալ առ դետալ մեր բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ, ես չէի ասի որ համոզիչ են նրա հակափաստարկները, համենայնդեպս մանրակրկիտ աշխատել է: Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունը, եթե փորձեմ կարճ ներկայացնել, ինքը գտնում է, որ անձեռմխելիությունը անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն, եթե որևէ մեկին վերագրում է օրենքի խախտում, տվյալ դեպքում հանրապետության նախագահին և եթե այդ օրենքի խախտումը իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքն անձեռնմխելի չէ»,-ասաց նա և նշեց, որ  իրավական այսպիսի խնդիրների շուրջ է գնում վեճը:

Այսպիսով՝ Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանի կողմից որոշվել է, որ կլսվեն դատախազների ելույթները, և դրանից հետո իրենք միջնորդություններ կներկայացնեն: «Ռոբերտ Քոչարյանը նկարագրել է այն իրավիճակը, որն այդ օրը գոյություն ուներ, երբ իր կողմից այդ գործողություններն իրականացվել են, նկարագրվեց, թե ինչ էր կատարվում, ինչ մտահոգություններ կային, ինչ պայմաններում և ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրություն մտցվել»,-ասաց նա և նշեց, որ իրենք միջնորդություններ են ներկայացնելու նյութեր հետազոտելու համար:


«Տեսանյութ կա, որը մենք ներկայացրել ենք Վճռաբեկ դատարանում, որ ցուցարարների կողմից կա մեկը, ով կրակում է  ոստիկանական ուժերի  ուղղությամբ, և մի քանի նյութեր ևս, որոնք նախաքննական գաղտնիք են համարվում»,-ասաց նա:


15:40

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը : Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը», -ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով` նախորդ դատական նիստերին դատավորի ինքնաբացարկի միջնորդության հարցն էր քննարկվել , հետո ներկայացվել պաշտպանների բողոքը:

Օրբելյանը չի կարծում, որ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:

Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:


13:15

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր բողոքի քննությունը կավարտվի և դատարանի որոշում՝ կլինի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ: Լրագրողների հետ զրույցում Ալումյանը նշեց, որ ամեն ինչ կախված է լինելու մի շարք հանգամանքներից: «Նաև կախված է դատախազների ելույթներից, թե քանի դատախազ ելույթ կունենա, և ինչ մանրամասներով դատարանը կքննի գործի նյութը»,-ասաց Ալումյանը:

Ըստ նրա՝ իրենց ելույթներից հետո միջնորդություններ կներկայացնեն, կամ գուցե դատարանն այլ տարբերակ կառաջարկի:

Իսկ մինչ այդ, ըստ նրա՝ նիստը կշարունակվի անցած անգամ ընդհատված իր ելույթից: «Անդրադառնալու եմ այն հանգամանքներին, որոնք այն ժամանակ, երբ առաջին անգամ Վերաքննիչ դատարանն այս հարցը քննում էր, դեռ առկա չէին կամ մեզ հայտնի չէին»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ երեք բողոք է պաշտպանական կողմը ներկայացրել, նախորդ նիստերին քննել են բողոքներից մեկուկեսը, որոնցից մեկը վերաբերել է դատավորի ընտրության հարցին:

Դատարանի նախագահն ընդգծում է՝ օրենքով է նախատեսված, որ դատարանի նախագահը պետք է մակագրի այս կամ այն դատավորին, հետո նշում է, որ վիճակահանությունը կատարվել է նրա համար, որ կամայականությունը բացառվի որոշում կայացնելուց»,-ասաց փաստաբանը:

Իսկ հարցին, թե դա իրենց բավարարո՞ւմ է, Հայկ Ալումյանը նշեց՝ ոչ: «Օրենքով նման բան նախատեսված չէ, իսկ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է, ի թիվս այլ իրավունքների, որ անձի վերաբերյալ գործը քննող դատարանը պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված»,-ասաց նա:

11:13

Վերաքննիչ դատարանը հետաձգել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը, որը մեկնարկել է այսօր։

Նախորդ նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ նիստը հետաձգվել է.«Դատական նիստը հետաձգվեց, որևէ նոր բան տեղի չի ուենցել, ես ներկաայցնում էի իմ բողոքը, որը չհասցրեցի ավարտել»:

Հիշեցնենք նաև, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության: 

Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը, և մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:  

Հիշեցնենք նաև, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է  այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: