«Երևան Մոլ»-ում ազդարարվել է տոնական շրջանի սկիզբը` Catch the Moment կարգախոսով (լուսանկարներ)
«Երևան Մոլ»-ում արդեն նախատոնական տրամադրություն է։ Արշակունյաց 34 հասցեում գտնվող առևտրի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա լույսերի միացման արարողությունը, որով ազդարարվեց տոնական շրջանի սկիզբ` Catch the Moment («Որսա՛ ակնթարթը») կարգախոսով:
Միջոցառումը ուղեկցվում էր ռիթմիկ երաժշտությամբ, հրավառությամբ և գլինտվեյնի հյուրասիրությամբ: «Երևան Մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առևտրի սրահի տոնական բոլոր ձևավորումներն արդեն արված են, դրանք պահպանվելու են մինչև հունվարի 13-ը:
«Դեկտեմբերի 1-ից սկսած Ձմեռ պապը լինելու է առևտրի կենտրոնում, հանդիպելու է հաճախորդների երեխաներին, ինչու չէ՞ նաև մեծ փոքրիկներին, բարեմաղթանքներ է հղելու, բաժանելու է կոնֆետներ: Այս տարի Ձմեռ պապի բազկաթոռը տեղադրված է մուտքի մոտ»,-մանրամասնեց նա:
Ինգը Մուրադյանը տեղեկացրեց, որ հաճախորդների համար անակնկալները այդքանով չեն սահմանափակվելու: Շաբաթ օրերին առևտրի կենտրոնում լինելու են տարբեր միջոցառումներ` տոնական համերգ, կրկեսային ներկայացում: Հաճախորդների համար լինելու է նաև նվեր արկղ, միջոցառումների շրջանակում Ձմեռ պապ դառնալու հնարավորություն է տրվելու:
«Երևան Մոլ»-ի թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանն էլ տեղեկացրեց, որ գլխավոր անակնկալներից մեկը լինելու է սահմանափակ քանակով թողարկված «Երևան Մոլի» նվեր քարտերը, որոնք պոլորոիդ լուսանկար են հիշեցնում:
«Սա հնարավորություն է տալիս մարդկանց քարտը պահել որևէ իրի կամ տեսարանի վրա և հետո լուսանկարելով որսալ ակնթարթը: Հետագայում հաճախորդները կարող են այդ լուսանկարներով ֆոտո մրցույթի մասնակցել: Ընդամենը մի քանի օրից հասանելի կլինի նախագծի card.yerevanmall.am կայքը, որտեղ հաճախորդները կարող են օնլայն ձեռք բերել նվեր քարտ, ինչպես նաև կարող են լուսանկարները վերբեռնել և մասնակցել մրցույթին: Հաղթող մասնակիցները երեքն են լինելու և ստանալու են նվեր instax Mini 9 տեսախցիկներ»,-եզրափակեց նա:























