Որոշ ուժերի կողմից միտում կա սեպ խրել «Սասնա ծռեր»-ի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչը թույլ չենք տալու. Ժիրայր Սեֆիլյան

12:26 • 03.12.18

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Երևանում: Քայլերթի ընթացքում կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, նշել է, որ որոշ ուժերի կողմից այս օրերին միտում կա սեպ խրել իրենց և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչը, սակայն, իրենք թույլ չեն տալու:

«Հստակ երևում է հինգերորդ շարասյունը՝ նախկին իշխանություններից մեզ ժառանգված, որոնք փորձում են սեպ խրել մեր և Նիկոլի միջև: Բայց մեր ժողովրդի համակրանքը երկու ուժերի նկատմամբ էլ մեծ է, և հինգերորդ շարասյան ջանքերն ուղղակի արդյունք չեն տա: Եթե որևէ շրջանակ փորձի որևէ բան շահարկել, առիթից օգտվելու փորձեր կատարի, մենք պաշտպանելու ենք Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Սեֆիլյանը:

Ինչ վերաբերում է երկու տարի հետո ԱԺ նոր ընտրություններ անցկացնելու «Սասնա ծռեր»-ի հայտարարությանը, Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո նոր ընտրությունների անցկացումը տրամաբանական կլինի:  

Պատասխանելով հարցին, թե ժողովրդի մի հատված «Սասնա ծռեր»-ի որոշ անդամներին ահաբեկիչ է համարում, Սեֆիլյանը հորդորել է լրատվամիջոցներին ավելի շատ օգտագործել այդ տերմինը, քանի որ իրենց ահաբեկիչ անվանելով բարձրացնում են «Սասնա ծռեր» կուսակցության վարկանիշը: «Ժողովուրդը սիրում է իր այն զավակներին, որոնք պատրաստ են զենքի ուժով պաշտպանել հայրենիքը և ժողովրդին»,- ընդգծել է նա:

Սեֆիլյանը բացառել է նոր իշխանությունների օրոք նման գործողությունների կրկնությունը: Նա շեշտել է, որ Ընտրական նոր օրենսգրքի չընդունումը կազդի արդար ընտրությունների վրա, բայց որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ, «Սասնա ծռեր»-ը որևէ կասկած չունի: