Ֆրանսիական MBDA Systems ընկերությունը մտադիր է հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառել Ադրբեջանին. լրատվամիջոցներ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի՝ ֆրանսիական MBDA Systems ընկերությունը մտադիր է ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառել Ադրբեջանին:
Ինչպես գրում է ադրբեջանական minval.az կայքը՝ հղում անելով AzeriDefence թերթին, ընկերության ներկայացուցիչը ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե իրենք արդեն ստացել են Ֆրանսիայի կառավարության համապատասխան թույլտվությունը:
«Մենք ստացել ենք Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: Կարծում ենք, որ այդ համակարգերը թույլ կտան Ադրբեջանին ամենահուսալի ձևով ապահովել հակաօդային պաշտպանությունը», - ասված է հարցազրույցում:
Նշենք, որ Ֆրանսիայի որևէ պետական մարմին առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը:










